ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Խաղը սրընթաց փոխվեց

Խաղը սրընթաց փոխվեց
18.06.2016 | 00:41

Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման նպատակով երկուշաբթի օրվա հանդիպումը չի լինի եռակողմ՝ ինչպես հայտարարել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և հաստատել էր ԵԱՀԿ մամուլի կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը՝ «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղին նվիրված գագաթաժողովի կազմակերպմանը»:

Հանդիպումից երեք օր առաջ ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ ինքը մասնակցելու է հանդիպմանը և անհամբերությամբ սպասում է, հույս հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը լինելու է Վիեննայի շարունակությունը, ընդգծեց հետաքննության մեխանիզմների տեղակայման պայմանավորվածության քննարկման անհրաժեշտությունը: Այդ հայտարարությունից հետո ոչինչ չէր մնում Ֆրանսիայի համանախագահ Պիեռ Անդրյոյին, քան հայտարարել, որ ինքը ևս մասնակցելու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը: Ֆրանսիայի ներկայացուցչի բացակայությունը երկու համանախագահների ներկայության պարագայում կգնահատվեր անհամաձայնություն: Պիեռ Անդրյոն նաև ասաց. «Մեծ սպասումներ ունենք այդ հանդիպումից: Հույս ունենք, որ հանդիպմանն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կվերականգնեն փոխադարձ վստահությունը եւ առաջընթացի կհասնեն հակամարտության կարգավորման գործում»:

Ասել է՝ հանդիպումը վերադառնում է Վիեննայի պայմանավորվածություններին և Ռուսաստանին ոչինչ չի մնում, քան հանդիպումից առաջ ընդունել, որ հանդիպումը չի ընթանալու իր սցենարով, որտեղ Վիեննան չկար: Թեպետ դա չի նշանակում, որ փորձեր չեն լինի: Համարե՞լ, որ համանախագահները կանխեցին Ռուսաստանի փորձը՝ կրկին «սեփականաշնորհել» ղարաբաղյան կարգավորման գործընթացը, առավելևս, որ Յուրի Ուշակովի ընդարձակ «նկարագրականից» ընկալվում էր, որ Վիեննան շրջանցվում է և փորձ է արվելու կողմերին «մոռացնել» ապրիլյան պատերազմն ու վերադարձնել Կազանյան սկզբունքների քննարկմանը, շրջանակային համաձայնագրի նախապատրաստմանը: ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Պոպովն էլ պարբերաբար հիշեցնում է, որ ինչ-որ փուլից բանակցությունների սեղան կվերադառնա Ստեփանակերտը: Ռուսական շրջադարձը բխում էր Բաքվի շահերից և հակասում հայկական կողմերի շահերին: Վիեննայում համաձայնությունների մեխը շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ մանդատի ընդլայնման խնդիրն էր և հունիսի սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին ներկայացրել են առաջարկներ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի թիմի կարողությունների ավելացման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ:

Այսինքն՝ նրանք կատարել են իրենց աշխատանքը և ակնկալվում էր, որ երկու նախագահների հունիսյան հանդիպումում պիտի այդ առաջարկները քննարկվեին և ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵԱՀԿ-ն կանխեցին Վիեննայի պայմանավորվածությունների վրա խաչ քաշելու ռուս-ադրբեջանական փորձը:
Հակառակ «Ֆորմուլա 1»-ով ու Ռամադանով՝ պամանավորված հանդարտությանը շփման գծում՝ Ադրբեջանը սկսեց զորավարժություններ Ղարաբաղի հետ սահմանային գոտում եւ Նախիջևանում: Գուցե դա հանդիպումից առաջ հիշեցման տարբերակ է, որ Բաքուն սովորել է կրակել ու կարող է նորից կրակել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Շատ հետաքրքիր կլիներ, որ հիմա էլ Մոսկվան հրաժարվեր հանդիպումից:
Փաստացի՝ իր կամքով ու նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կազմակերպում է մի հանդիպում, որ ունենալու է ԵԱՀԿ-ի սցենարը: Մոսկվան նորից չկատարեց խոսքը Բաքվի առաջ: Բայց դա դժբախտության կեսն է, մյուս կեսը սեփական նպատակներին չհասնելն է: Ու՝ ի՞նչ: Շարունակվելո՞ւ է ռազմավարական համագործակցությունը Բաքվի ու Երևանի հետ միաժամանակ ու համաժամանակ, թե՞ պարբերաբար ու հաջորդաբար: Սպասենք երկուշաբթի օրվան:

Դիտվել է՝ 2246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ